Շաբաթ, 23.11.2024, 06:13
Ողջույն Անծանոթ

Բլոգ

Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 10 » Մի դիակի պատմություն
02:26
Մի դիակի պատմություն


Այսօր առավոտյան զարթնեցի և ինձ համար անսպասելիորեն պարզեցի, որ դիակ եմ։ Սենյակիս դուռը կողպած էր, իսկ ինձ մոտ ձայն հանել չէր ստացվում, բայց հիշում էի, որ աշխատանքի պիտի գնամ։ Տնօրենս ինձանից հաշվետվություն էր պահանջել անցյալ շաբաթվա հանդիպման վերաբերյալ։ Աչքս ընկավ ժամացույցին և տեսա, որ արդեն ժամը ինն է, թեպետ ես պետք է ութն անց երեսուն րոպեին աշխատանքի վայրում լինեի։ Մոտ տասը րոպե անշարժ պառկելուց հետո, որի ընթացքում մտածում էի` ինչ է պետք անել, երբ դառնում ես դիակ, լսեցի դռան թակոց։ Քույրիկս էր, հարցնում էր` արդյո՞ք ինձ հետ ամեն ինչ կարգին է, կամ ինչ–որ բանի կարիք ունե՞մ։ Ես փորձեցի նրան պատասխանել, բայց ինձ մոտ դա չստացվեց` ինձ համար անհասկանալի պատճառներով։ Տանը ես և քույրիկս` Մանեն էինք ապրում։ Մանեն ինձ ևս մեկ անգամ հարցրեց` արդյո՞ք ես ինչ–որ բանի կարիք ունեմ, բայց կրկին անգամ լռություն լսեց։ Այո, ամենայն հավանականությամբ, այժմ  ինձանից ավելի շատ ջանք կպահանջվի նրա հարցերին պատասխանելու համար, քան առաջին անգամ, երբ ասեցի` ինչպես մայրս է ասում. «Ալա», իբր` «Ալյո»։  Նույնիսկ չգիտեմ` ինչի մասին ավելի շատ մտածեմ, հաշվետվությա՞ն, շարժվելո՞ւ, խոսելո՞ւ, կողպած դռա՞ն, թե՞ ժամանակի մասին: Երևի սկսեմ նրանից, որ դիակ եմ։ Լավ, վիզս էլ չի շարժվում, և ոչ էլ ոտքիս բութ մատը։ Ճիշտ է, ես այսպես չէի պատկերացնում դիակ լինելը, ոչ ժամանակային առումով, ոչ էլ ինքնազգացողության։ Դռան հետևում Մանեի ձայնը կրկին լսելուց հետո շեղվեցի մտքերիցս, ու շեղվելու և նրան հասկանալու արանքում ընկալեցի, որ նա մենակ չէ, նրա հետ մեր հարևաններից էր։ Հիսունն անց տղամարդ էր, որ նախկինում հրշեջ էր աշխատում, իսկ հիմա թոշակի է անցել և վայելում է իր կյանքը բազմոցին` ֆուտբոլի և գարեջրի ընկերակցությամբ։ Տեսնես ի՞նչ է կորցրել նա Մանեի հետ իմ սենյակի դռան դիմաց։
–Կներեք, որ ձեզ անհանգստացրեցի, ուղղակի եղբայրս երբեք չէր ուշանում աշխատանքից, իսկ հիմա արդեն տասն է, բայց նա դեռ քնած է և սենյակի դուռն էլ կողպած է, և ես ուղղակի չգիտեի` ում կարող եմ դիմել։
–Խնդիր չկա, աղջիկս, բայց դու հաստա՞տ համոզված ես, որ արժե դուռը կոտրել, գուցե նա ուղղակի քնա՞ծ է։
–Նա երբեք չի կողպել դուռը մինչ այս ժամը։
–Դու գիտես, ինձ համար դա դժվար չի։
Ի՞նչ, ի՞նչ դուռ կոտրել։ Ես էլ մտածում եմ` ինչի համար է կանչել այդ հրշեջ պապիկին իմ սենյակի դռան մոտ։ Բայց ինչպե՞ս ասեմ, որ ես ընդամենը դիակ եմ, և ինձ հետ ամեն ինչ կարգին է, ուղղակի դժվարանում եմ շարժվել։ Բայց Մանեն երբ ինձ այսպես տեսնի, կմտահոգվի, մանավանդ, երբ ես չեմ կարողանա նրան ամբողջ կատարվածը բացատրել։ Հետաքրքիր է` մնացած մարդիկ երբ դառնում են դիակ, նո՞ւյնպես այսպիսի մտքեր են ունենում։  Հիմա ես ի՞նչ անեմ քրոջս և այդ հրշեջի հետ, դուռս որ կոտրեն, լավ չի ստացվի։ Դե, այո, ինչպես և ես մտածում էի, դուռը կոտրեցին: Քույրս վախեցել է և գոռում է, հրշեջ պապիկը փորձում է սփոփել, բայց դե դժվար էլ ստացվի։ Տխրեցի. քույրիկս սկսեց լացել: Ախր ինչպե՞ս ասեմ, որ ես ինձ վատ չեմ զգում, և սա ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում։ Ը–հը՜, քույրս լացելով դուրս եկավ սենյակից, տեսնես`ո՞ւր գնաց։ Հրշեջ պապիկը դեռ նայում է ինձ, մտահոգված հայացք է գցում վրաս, մի քանի րոպե նայում և դուրս է գալիս սենյակից։

Ես կրկին մնացի մենակ։ Արդեն տասն անց երեսուն րոպե է։ Հեռախոսս զանգում է, երևի տնօրենս է, բայց ես դեռ չեմ կարող շարժվել կամ խոսել, որ պատասխանեմ հեռախոսին ու ասեմ, որ այսօր, երևի, չեմ կարողանա գնալ աշխատանքի` առողջական խնդիրներից ելնելով։ Հեռախոսս էլ չի զանգում։ Բայց ի՞նչ անել։ Ինչո՞ւ ես երբեք չեմ կարդացել ոչինչ այն մասին, թե ինչ գործողություններ է պետք անել դիակ դառնալու դեպքում, և ինչ խորհուրդ չի տրվում անել։

Լսում եմ շտապ օգնության մեքենայի ազդանշան, որ մոտենում և կանգնում է մեր տան դիմաց: Իմ սենյակը պատուհանի մոտ է, և ձայնը կամա–ակամա ականջ է ծակում։ Երկու–երեք րոպե անց իմ սենյակ կապույտ ողջազգեստով, արծաթագույն ճամպրուկներով երկու հոգի են մտնում, բացում են ճամպրուկները և կանխարգելիչ գործողություններ են կատարում` ստուգելու համար` արդյո՞ք իրոք դիակ եմ, թե՞ ոչ: Համոզվելուց հետո, որ դիակ եմ, բերում են պատգարակը, որի վրա դրած է սև պարկը, ինձ դնում են այդ պարկի մեջ և քաշում են կայծակնաշղթան։ Եւ ես հասկանում եմ, որ մարդասիրական կազմակերպությունները մոռացել են, որ կարող են լինել դիակներ, ովքեր վախենում են մթությունից, ասենք` ինձ պես։ Աչքերս փակում եմ` երևակայելով, իբր երազ եմ տեսնում: Լսում եմ քրոջս ձայնը։ Զգում եմ աստիճանները։ Հասկանում եմ, որ մեքենայի բեռնախցի դուռը փակվեց։ Այդպես էլ չտվեցի տնօրենին հաշվետվությունս։

Դիտումներ: 300 | Ավելացրեց: zoraknchili | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Besucherzahler
счетчик посещений